Ռուսաստանը դարձել է դանդաղ գործող ական նախագահ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների համար՝ գրում է Դեն Բալցը The Washington Post-ում: Նրանք չեն կարող անցնել ականի կողքով և ինքնասածություն են դրսևորում, երբ պետք է ընդունել՝ ինչ արդեն հայտնի է: Նրանք չեն կարող ականի կողքով անցնել, որովհետև անկեղծ չեն եղել իրենց արածների մասին: Նրանք չենք կարող ականի կողքով անցնել, որովհետև չգիտեն՝ ինչ չգիտեն: Կարևոր է հիշել, որ սկանդալի մասին ամեն ինչ չէ հայտնի, մասնավորապես՝ Թրամփի նախընտրական շտաբի պաշտոնյաների ու նրա խորհրդականների շփումների մասին ռուսների հետ: Անկասկած՝ շփումներ եղել են: Որոշ շփումներ առօրեական են, սակայն այդ շփումների հանգամանքներն ու բովանդակությունն ամբողջությամբ հայտնի չեն: Գուցե նրանք ոչինչ կամ համարյա ոչինչ չպարզաբանեն, գուցե էական բացահայտումներ լինեն: Նախագահի վարչակազմի խնդիրը բարդացնում է, որ Թրամփը, ակնհայտորեն, ամբողջ պատմությունն ընկալում է իբրև իր նախագահությունը լեգիտիմությունից զրկելու փորձ: Նախագահը շարունակում է խուսափողական պատասխաններ տալ հարցին՝ հավատո՞ւմ է հետախույզների եզրակացություններին: Արդյունքում և նա, և մյուսները փորձում են ցանկալին իրականի տեղ ներկայացնել՝ տեսք ընդունելով, թե էական ոչինչ չի եղել:
Հինգշաբթի օրը, երբ Սեշնսը կրակի տակ էր և նոր տեղեկություններ հայտնվեցին ռուսների հետ Թրամփի վարչակազմի շփումների մասին, նախագահը հարցի հետագա հետաքննությունն անվանեց վհուկների որս: Շաբաթ օրը նախագահը օգտագործեց դասական միջոց՝ նոր սկանդալ ստեղծելու համար՝ Twitter-ում նա մեղադրեց Օբամայի վարչակազմին՝ Թրամփ թաուերում իր խոսակցությունները գաղտնալսելու մեջ: Մեղադրանքը հաստատող ոչ մի հանցանշան նա չբերեց: Ռուսական հետաքննության մեջ մի քանի տարրեր կան: Ամենամեծ խնդիրը՝ այլ երկրի կառավարության փորձն է ներդրվել ԱՄՆ ընտրություններում և խարխլել հավատը աշխարհի առաջատար ժողովրդավարական կառավարության նկատմամբ: Նվազ կարևոր չէ պատասխանել հարցին՝ եղե՞լ է գաղտնի համաձայնություն կամ համագործակցություն Թրամփի շտաբի և ռուսների միջև՝ նպատակ ունենալով վնասել Քլինթոնի շտաբին: Ինչքան էլ Թրամփը ցանկանում է այդ ամենը ջնջել ու մի կողմ գցել, չի կարող: Իրականում հետաքննությունը ամենավաղ փուլում է: Կոնգրեսը նույնիսկ չի սկսել վկաներին կանչել: Հորիզոնում երևում է հատուկ դատախազի հեռանկարը: Դա դարձել է Թրամփի նախագահության առաջին տարվա օրակարգի մաս, առողջապահության և հարկահանության ոլորտներում նախաձեռնությունների հետ: Նախագահին նոր ռազմավարություն է պետք՝ հաշվի առնելով ռուսական խնդրի բարդության իրական աստիճանը:
Դեն ԲԱԼՑ, The Washington Post
Հ.Գ. Հուբերտ Վետցելը Süddeutsche Zeitung-ում գրում է՝ նախագահ Թրամփը կայծակ ու որոտ է արձակում իր նախորդի՝ նախագահ Օբամայի վրա և կարծում է, որ իրեն դավադիրներ են շրջապատում: Ի՞նչ է կատարվում ԱՄՆ նախագահի աշխատակազմում: Հավանականության առավել քան բարձր տոկոսով կարելի է հաստատել, որ Բարաք Օբաման ոչինչ չի արել այն ամենից, ինչում նրան մեղադրում է Դոնալդ Թրամփը: Հազիվ թե Օբաման հանձնարարել է գաղտնալսել հանրապետական կուսակցության թեկնածուի հեռախոսային խոսակցությունները: Twitter-ում առավոտյան գրառման մեջ Թրամփն ավելի շուտ բացահայտում է իր պարանոյիկ հակումները և հուզական արձագանքների վերահսկողության բացակայությունը: Բայց մի հարցում Թրամփը ճիշտ է՝ ինչ-որ մեկը հատուկ ծառայություններից կամ ազգային անվտանգությունից ԶԼՄ-ներին մատակարարում է խնդրահարույց տեղեկություններ: Առայսօր կուտակվել է չափազանց շատ տեղեկատվություն՝ հիմնված Ռուսաստանի հետ Թրամփի մերձավոր շրջապատի կապերի մասին արժանահավատ տեղեկությունների վրա, որ դեռ հավատաս պատահական համընկնումներին: Մինչև հիմա հայտնի չէ՝ ինչպես են այդ շփումներն իրականացվել: Գլխավոր հարցը՝ ինչո՞ւ է կազմակերպվում այդօրինակ նյութերի արտահոսքը: Թրամփը և նրա շրջապատը համառորեն պնդում են, որ Օբամայի շուրջ հավաքվել են հատուկ ծառայությունների, ՀԴԲ-ի, պետքարտուղարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ձախերով շրջապատված և ձգտում են վնասել ու գահընկեց անել Թրամփին: Իրենք՝ «դավադիրները», ով էլ լինեն, համարում են, որ այլ առաքելություն ունեն: Վաշինգտոնից տարբեր տեղեկություններ կան, որ գերատեսչություններում աշխատում են լավ տեղեկացված մարդիկ, ովքեր Թրամփին համարում են ոչ այլ ոք, եթե ոչ նախագահ Վլադիմիր Պուտինի խամաճիկ: Իբր՝ ռուսական հատուկ ծառայությունները նախ օգնել են նախագահ Թրամփին Սպիտակ տուն գալ, իսկ հիմա նրան շանտաժում են: Երկու վարկածներից ո՞րն է ճիշտ: Նախագահին գնդակոծում են, որովհետև նա վարում է «ոչ ճիշտ» քաղաքականությո՞ւն Ռուսաստանի նկատմամբ, կամ իշխանական բուրգի անանուն հայրենասերները փորձում են փրկե՞լ ԱՄՆ-ը ու ամբողջ ազատ աշխարհը: Հարցի պատասխանը հայտնի չէ:
Հայտնի է, որ ԱՄՆ քաղաքականությունը խժռում են պարանոյան ու կասկածամտությունը: Եվ դա կշարունակվի այնքան, քանի դեռ «Թրամփ-Ռուսաստան» թեմայում ամեն ինչ պարզաբանված չէ: Միակ ատյանը, որ կարող է լույս սփռել այդ գործին, ԱՄՆ Կոնգրեսն է: Սակայն Կոնգրեսը այդ թեմայով, ավաղ, չի հետաքրքրվում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ